ԱՄՆ պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը, երբ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ակնարկել է, որ ամերիկյան կառավարությունն առնչություն ունի 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը: Իրանի նախագահի ելույթին ներկա են եղել միջին օղակի չորս ամերիկացի դիվանագետներ: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը ներկա չեն եղել:
«Գոյություն ունի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության երեք վարկած: Մեկը` ԱՄՆ-ի տարածք հզոր ահաբեկչական խմբի ներթափանցումն է»,- ասել է Իրանի նախագահը: Որպես երկրորդ վարկած Ահմադինեժադը նշել է, թե «ԱՄՆ ղեկավարության որոշ ներկայացուցիչներ են կազմակերպել այդ աղետը»: «Շատ մարդիկ են կողմ այս վարկածին»,- ասել է Իրանի առաջնորդը: «Երրորդ վարկածը` ահաբեկչական խմբի հարձակումն է, որին աջակցել է ամերիկյան կառավարությունը»,- ընդգծել է Ահմադինեժադը:





























