Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները տրամաբանական կլինի անցկացնել Մոսկվայում ԵԱՀԿ հովանու ներքո: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Ալեքսանդր Ռոմանովիչը՝ անդրադառնալով հակամարտության գոտում իրավիճակի սրմանը:
«Ներկա պայմաններում բացարձակ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը եւ անցնել բանակցությունների: Հաշվի առնելով Ռուսաստանի հետ Հայաստանի եւ Ադրբեջանի սերտ կապերը՝ տրամաբանական կլինի բանակցային հարթակը կազմակերպել Մոսկվայում, հնարավոր է ԵԱՀԿ հովանու ներքո»,- ընդգծել է Ռոմանովիչը:
Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է նաեւ հետաքննել իրադրությունը եւ պարզել մեղավորներին, որոնց մեղքով այդ անհանգիստ տարածաշրջանում նորից մարդիկ են տուժում, եւ արյուն է թափվում: «Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի բռնկումը 1994-ից հետո ամենաարյունահեղն էր: Կիրառվում է ծանր զինատեսակ եւ օդուժ, զոհվում են ոչ միայն զինվորականներ, այլ նաեւ խաղաղ բնակիչներ: Հակամարտության բոլոր կողմերը պետք է հասկանան՝ Լեռնային Ղարաբաղի պատկանելիության խնդիրը ռազմական ճանապարհով լուծել անհնար է»,- հավելել է Ռոմանովիչը:





























