Նավթի համաշխարհային գները երկուշաբթի շարունակոմ են նվազել՝ արձագանքելով Սաուդյան Արաբիայից ստացված լուրերին: Երկրի երկրորդ ժառանգորդ արքայազն ու պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալմանի հայտարարությունները ուժեղացրել են շուկաների վատատեսությունը խոշոր արդյունահանողների գալիք հանդիպման նկատմամբ, որտեղ պետք է քննարկվի արդյունահանումը հունվարի մակարդակում սառեցնելու հնարավորության հարցը:
Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.98 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 38.28 դոլարի: WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը իջել է 1.17 տոկոսով, հասնելով բարելի դիմաց 36.35 դոլարի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Մուհամեդ բեն Սալմանը ուրբաթ հայտնել է, որ Սաաուդյան Արաբիան կհամաձայնի նավթի արդյունահանումը սառեցնել միայն այն պայմանով, որ Իրանն ու մյուս խոշոր արտադրողները միանան համաձայնագրին: Արդյունահանման ներկա մակարդակը սառեցնելու Իրանի դժկամության ֆոնին նման հայտարարությունները կասկածի տակ են դրել խոշոր արդյունահանողների գալիք հանդիպման հաջողությունը ու բացասական արձագանք առաջացրել «սեւ ոսկու» շուկայում:
Իրանը մինչ այդ հայտնել էր,ո ր երկիրը նավթի արդյունահանումը սառեցնելու հարցում կսկսի համագործակցել այլ երկրների հետ միայն այն բանից հետո, երբ արդյունահանման մակարդակը կհասնի օրական 4 մլն բարելի: Իսկ հիմա Իրանում արդյունահանումը օրական 3.1 մլն բարելի մակարդակի վրա է: Բացի դրանից Լիբիան նույնպես մինչ այդ հայտնել էր, որ չի ծրագրում սառեցնել արդյունահանման մակարդակը ու մասնակցել համաշխարհային նավթարդյունահանողների նիստին:
Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Կատարն ու Վենեսուելան Դոհայում փետրվարի 16-ին կայացած հանդիպման ժամանակ նավթի գները պահպանելու նպատակով պայմանավորվել են 2016-ին միջին արրդյունահանումը պահպանել հունվարի մակարդակի վրա, բայց միայն եթե մյուս արդյունահանողներն էլ միանան այդ նախաձեռնությանը: Նավթարդյունահանող երկրների ընդլայնված ձեւաչափով հանդիպումը ծրագրվում է Դոհայում ապրիլի 17-ին:



























