Ազգային ազատագրական բանակ (ԱԱԲ) ձախ արմատական կազմակերպության ապստամբները ազատել են Կոլումբիայի Չոկո դեպարտամենտի նախկին նահանգապետին, որին գերեվարել էին 2013-ին, հայտնում է «Ֆրանս Փրես» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների հայտարարությունը:

«Ուրախ եմ, որ ազատագրվել է նախկին նահանգապետ Պատրիսիո Սանչես Մոնտես դե Օկան»,- մեջբերում է գործակալությունը Twitter–ում ներկա նահանգապետի աշխատակազմի հայտարարությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Գործակալությունը նշում է, որ քաղաքական գործչի ազատագրումը պայմանավորված է երկրում հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները վերականգնելու փորձերով:

ԱԱԲ-ն Կոլումբիայի երկրորդ խոշորագույն ապստամբ խմբավորումն է «Հեղափոխական զինված ուժերից» հետո: Երկուսն էլ ԱՄՆ-ում ու ԵՄ-ում ներառված են ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Կոլումբիայի իշխանությունները ու ԱԱԲ-ի ներկայացուցիչները ավելի քան երկու տարի նախնական բանակցություններ են վարում, սակայն պաշտոնական բանակցությունները դեռ չեն սկսվել:

Կոլումբիայում իշխանությունների ու Հեղափոխական զինված ուժերի միջեւ հակամարտությունը արդեն 50 տարվա պատմություն ունի: Հակամարտությունը դադարեցնելու ու խաղաղություն կառուցելու մասին ընդհանուր համաձայնագիրը կնքվել է 2012-ի օգոստոսի 26-ին ՀԱվանայում: Կոլումբիայի իշխանությունները մինչ այդ հայտարարել էին, որ ներքին զինված հակամարտությունը կավարտվի 2016-ին: