2015-ին սպառազինման համար համաշխարհային ծախսերը աճել են մեկ տոկոսով ու հասել 1.7 տրիլիոն դոլարի: Այս մասին ասվում է Խաղաղության խնդիրների հետազոտության ստոկհոլմյան ինստիտուտի զեկույցում, որը հրապարակվել է ապրիլի 5-ին: Ռուսաստանը վարկանիշում զբաղեցնում է չորրորդ տեղը, ռազմական նպատակների համար ծախսվել է 66.4 մլրդ դոլար, ինչեւ 7.5 տոկոսով շատ է 2014 –ի համեմատ:

Ռազմական ծախսերի առումով առաջատար է մնում ԱՄՆ-ն: Չնայած ծախսերը կրճատվել են 2.4 տոկոսով, գումարը կազմել է 596 մլրդ դոլար: Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 215 մլրդ դոլար ( ծախսերը աճել են 7.4 տոկոսով): Եռյակը եզրափակում է Սաուդյան Արաբիան՝ 87.2 մլրդ դոլար ( ծախսերը ավելացել են 5.7 տոկոսով):

2015-ին առաջին անգամ է սպառազինման համար ծախսերի տեմպերի աճ գրանցվել 2011-ից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «2015-ի ռազմական ծախսերը բացահայտում են հակասական միտումներ՝ մի կողմից դրանք արտացոլում են աշխարհի շատ մասերում աճող լարվածությունն ու հակամարտությունները, մյուս կողմից էլ՝ նավթի գների անկման ֆոնին ակնհայտ է, որ նավթադոլարներով սնված ռազմական ծախսերը նվազում են»,- նշել է նախագծի ղեկավար Սեմ Պեռլո Ֆրիմանը: Նրա խոսքով, այս «փոփոխական քաղաքական ու տնտեսական իրավիճակը անորոշ է դարձնում առաջիկա տարիների հեռանկարները»:

Զենքի համաշխարհային առեւտրի մասին SIPRI –ի Yearbook 2016 ամենամյա զեկույցում ասվում է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը 2011-2015 թթ. պահպանել են զենքի խոշորագույն արտահանողների իրենց դիրքերը: