Ռուսաստանն առաջնորդվում է նրանով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կհաջողվի կարգավորել, այլ տարբերակ լինել չի կարող: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Կհաջովի, թե ոչ ( կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը) հարց չի կարելի ձեւակերպել,- նշել է դիվանագետը,- Եթե մենք մեզ թույլ տանք կարծել,թե մեզ դա չի հաջողվի, ապա դա շատ վտանգավոր տրամաբանություն է, որը կարող է ոգեւորել նրանց, ովքեր իրոք չեն ուզում խաղաղ կարգավորում»:
«Մենք ուզում ենք ( կարգավորում) ու մենք գիտենք, որ երկու կողմերն էլ ուզում են,- շեշտել է նա,- Եւ տարիներ շարունակ փորձել ենք ջանասիրաբար, քայլ առ քայլ իրավիճակը բերել ամբողջական կարգավորման,- շեշտել է Զախարովան,- Եւ մենք երբեմն մեկ քայլ էինք հեռու պայմանավորվածությունից, որից հետո ցավոք գործընթացը ձգձգվում էր»: «Մենք առաջնորդվում ենք նրանով, որ պետք է հաջողվի, ու այլ տարբերակ մենք պարզապես չունենք»,- ասել է դիվանագետը:
Նա նաեւ պարզաբանել է, որ Ռուսաստանը այս գործընթացում դերակատարում ունի թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, թե «հաշվի առնելով այն հարաբերությունները, որոնք կառուցել է Հայաստանի ու Ադրբեջանի հետ»: «Նաեւ Ռուսաստանը դեր ունի որպես միջազգային խոշոր դերակատար եւ այդ դերը ամրագրված է մեր երկկողմանի պայմանագրերում այն երկրների հետ, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են այս իրավիճակում կամ համապատասխան կողմերի վրա ազդելու հնարավորություն ունեն»,- նշել է Զախարովան:
Նրա խոսքով Ռուսաստանը հույս ունի, որ Մոսկվայի ձեռնարկած քայլերը կնպաստեն կայուն հրադադարին ու Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունների վերսկսմանը:
«Այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքու է մեկնում: Հաշվի առնելով իրադարձությունների զարգացումը՝ նախապես ծրագրված ուղեւորությունը հատուկ արդիականություն է ստանում: ՌԴ գերագույն ղեկավարությունը մեծ ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը կարգավորելու համար: Կայացել են ՌԴ նախագահի ու ՌԴ կառավարության ղեկավարի հեռախոսազրույցները Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հետ: ՌԴ վարչապետը առաջիկա օրերին Երեւան ու Բաքու կայցելի: Այսօր Սերգեյ Լավրովը Բաքու է մեկնում՝ Ռուսաստան – Ադրբեջան- Իրան եռակողմ հանդիպմանը: Անկասկած կկայանան հանդիպումներ, երկկողմանի ձեւաչափով շփումներ Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Իրավիճակը հանդարտեցնելուն ուղղված ջանքերի շրջանակում ծրագրված է Լավրովի հանդիպումը Հայաստանի արտգործնախարարի հետ»,- թվարկել է Զախարովան:
«Մենք հույս ունենք, որ ռուսական կողմի ինտենսիվ ջանքերը կնպաստեն հրադադարի կայուն ռեժիմի հաստատմանը ու խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսմանը»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:




























