Սույն թվականի ապրիլի 7-ին, Վարշավայում Լեհաստանի Հայկական Երիտասարդական Միությունը կազմակերպել էր հավաք Լեհաստանում ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի դեսպանատների առջեւ: Հավաքի նպատակն էր, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի Խմբի վերոհիշյալ համանախագահ երկրները ճանաչեին Ադրբեջանը որպես ագրեսոր երկիր եւ միջազգային պատժի ենթարկեին վերջին օրերին Արցախում նրա կատարած անմարդկային հանցագործությունների համար:
Հնչած ելույթներից հետո Երիտասարդական Միությունը նամակ փոխանցեց ՌԴ դեսպանությանը, որում ՌԴ-ին կոչ էր արվում ճանաչել ԼՂՀ անկախությունը, դատապարտել Ադրբեջանին իր ագրեսիվ կեցվածքի համար եւ հստակ ու հասցեական քաղաքական գնահատականներ հնչեցնել:
ՌԴ դեսպանատան առջեւից հավաքված բազմությունը երթով շարժվեց Լեհաստանում ԱՄՆ-ի դեսպանատուն, եւ նմանատիպ բովանդակությամբ նամակ հանձնվեց ամերիկյան կողմին եւս: Միացյալ Նահանգների դեսպանատան առջեւ հնչած ելույթներում խստիվ դատապարտվեց երկակի ստանդարտների քաղաքականությունը ԼՂՀ ժողովրդի հանդեպ:
Նույնատիպ մի նամակ էլ Ֆրանսիայի դեսպանությանը հանձնելուց հետո ներկաները՝ Լեհաստանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հոգեւոր Հովիվ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանի առաջնորդությամբ, շարժվեցին Վարշավայի Հայկական պուրակ, որտեղ տեղադրված Խաչքարի առջեւ Հայր Սուրբի ձեռամբ մատուցվեց աղոթք՝ Հայաստանի եւ Արցախի անսասանության, Մայր Հայրենիքի հզորության, հայոց բանակի անպարտելիության ու հաղթանակի եւ մեր նահատակված հերոս զինվորների հոգիների հանգստության համար:
.jpg)
.jpg)




























