Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մի քանի պատգամավոր պահանջել է վարչապետ Դեւիդ Քեմերոնի հրաժարականը այն բանից հետո, երբ նա խոստովանել է, որ մասնակցել է օֆշորային ընկերությունների գործունեությանը, հայտնում է The Mirror–ը:
Լեյբորիստ, գանձապահության հատուկ խորհրդարանական հանձնաժողովի անդամ Ջոն Մաննը վարչապետին երեսպաշտ է անվանել: «Քեմերոնը վեց տարի ուներ, որպեսզի խորհրդարանին ու ժողովրդին ճշմարտությունն ասեր: Նա դա չի արել»,- գրել է նա «Թվիթերի» իր միկրոբլոգում:
Լիբերալ դեմոկրատներ կուսակցության առաջնորդ Թիմ ֆարրոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները «իրավունք ունեն իմանալ ավելին, քան կիսաճշմարտությունը»: Վարչապետը մի քանի տարի շարունակ հերքել իր մասնակցությունը օֆշորներին, սակայն ճշմարտությունը ջրի երես է դուրս եկել»,- նշել է նա:
Լեյբորիստական կուսակցության փոխնախագահ Թոմ Ուոթսոնը կառավարության ղեկավարին կոչ է արել Ֆինանսների նախարարությանը վերադարձնել բոլոր այն գումարները, որոնք նա ստացել է օֆշորների շնորհիվ:
Ապրիլի 7-ին Քեմերոնը խոստովանել է, որ ինքը բաժնետոմսեր է ունեցել հոր Blairmore Holdings օֆշորային ընկերությունում մինչեւ Միացյալ Թագավորության կառավարության ղեկավար դառնալը, հայտնում է BBC News–ը: Նաեւ նա հայտնել է, որ մինչեւ 2010-ին պաշտոնը ստանձնելը ինքը վաճառել է ավելի քան 30 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ բաժնետոմսերը:




























