ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկերները պետք է բացատրություն տան իրենց դիրքորոշման վերաբերյալ: Այս մասին ԱԺ ավանդական ճեպազրույցներում հայտնել է «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մենք ՀԱՊԿ անդամներին կոչ ենք արել ու անում ենք, որ եթե կա կառույց, ուրեմն այն պետք է միասնական լինի: Մենք պետք է միասնական լինենք, հակառակ դեպքում այդ կառույցը ու դրա հեղինակությունը կհայտնվեն լուրջ սպառնալիքի տակ»,- շեշտել է Բաղդասարյանը: Նրա խոսքով, սա վերաբերում է եւ՛ Բելառուսին, որը շտապ ընդունել է նոր ռազմական հայեցակարգ՝ արտասահմանում ռազմական գործողություններին իր զորքերի մասնակցության դեմ, եւ՛ Ղազախստանին, որը որպես ԵՏՄ նախագահող երկիր, օրերս Եվրասիական միության միջկառավարական խորհրդի նիստը Երեւանից Մոսկվա է տեղափոխել:«Այյդուհանդերձ, փաստ չէ, որ եթե մենք այլ կառույցներում լինեինք, այնտեղ բոլորը մեզ անվերապահ կաջակցեին: Բայց մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ այն կառույցները, որոնցում մենք հիմա ընդգրկված ենք, կասկածի տակ չդնեն միություն հասկացությունը որպես այդպիսին ու այդ կազմակերպությունների հեղինակությոնը»,- նշել է Հայաստանի խորհրդարանական մեծամասնության ղեկավարը:




























