Լեռնային Ղարաբաղը պիտի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին այսօր՝ ապրիլի 9-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: (ֆոտոռեպորտաժ)
Պատասխանելով բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության մասին հարցին` դիվանագետը հիշեցրել է, որ համանախագահները բազմիցս ասել են, որ Լեռնային Ղարաբաղը պիտի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, հատկապես որ նախկինում մասնակցել է:
Նրա խոսքով՝ միջնորդները հիմք են ընդունում այն, որ պայմանագրին նախորդող շրջանակային համաձայնագրի կնքումը կարող է արագացնել գործընթացը։
Անդրադառնալով հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը ֆիքսել է արդյոք, թե ով է նախաձեռնել ագրեսիան, Պոպովը նշեց, որ համանախագահների մանդատի մեջ չի մտել հետաքննել, թե ով է սկսել առաջինը եւ ով է պատասխանատու: «Մենք դրանով չենք զբաղվել։ Մեզ համար կարեւորն այն է, որ Մոսկվայում ձեռք բերած հրադադարը հնարավորինս երկար պահպանվի, եւ սկսվեն քաղաքական բանակցությունները»։




























