Բաքուն Լեռնային Ղարաբաղի դեմ կիրառեց իր կուտակած հարձակողական ողջ զինանոցը, որը ձեռք էր բերվել վերջին տարիներին: Այս մասին, այսօր՝ ախրիլի 9-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համանախագահները Հայաստանի արտգործնախարարին տեղեկացրել են Ստեփանակերտում` Արցախի իշխանությունների եւ Բաքվում` Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների մասին։
Խոսելով մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ հանդիսացած Ադրբեջանի հերթական ագրեսիայի մասին՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Բոլորի համար ակնհայտ է, որ այս հարձակումը նախօրոք ծրագրված եւ նախապատրաստված գործողություն էր։ Բաքուն Լեռնային Ղարաբաղի դեմ կիրառեց իր կուտակած հարձակողական ողջ զինանոցը, որը ձեռք էր բերվել վերջին տարիներին։ Տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք բազմաթիվ անգամ զգուշացրել ենք միջազգային հանրությանը, համանախագահ երկրներին. Բաքվի՝ ուժի կիրառման սպառնալիքներին չհակազդելու դեպքում դրանք կարող են բերել այնպիսի հետեւանքների, որոնց ականատեսը մենք դարձանք այս օրերին»։
Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով լուրջ հարված է հասցվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Նախարարի խոսքերով հրատապ քայլեր են հարկավոր իրադրության կայունացման համար։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին այս ուղղությամբ գործադրվող քայլերի մասին։




























