Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարեւորագույն տարրերը պետք է քննարկվեն որպես ամբողջականություն։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 9-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: 

Անդրադառնալով բանակցային սեղանին դրված առաջարկներին՝ միջնորդը նշեց, որ ինչ-որ այսպես կոչված «Լավրովի փաստաթուղթ» գոյություն չունի, ինչի մասին ասել է եւ ինքը՝ նախարարը։ «Կան համանախագահների առաջարկներ, որոնք տարիներ շարունակ քննարկվել են։ Կա մի քանի տարբերակ, սակայն դրանք բոլորն էլ հիմնված են 3 սկզբունքների եւ 6 բաղադրիչների վրա, որոնց մասին բազմիցս հայտարարել էին համանախագահ երկրների ղեկավարները՝ ուժի չօգտագործում, ազգերի ինքնորոշման իրավունք եու տարածքային ամբողջականություն։

6 տարրերից 2-ը կարեւորագույնն են՝ տարածքների վերադարձ եւ կարգավիճակային հարցերի լուծում։ Կրկնեմ հակառակը՝ կարգավիճակային հարցերի լուծում եւ տարածքների վերադարձ։ Ընդ որում, դրանցից մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունի։ Հենց դրանց մասին էլ խոսվել է այսպես կոչված Լավրովի փաստաթղթում։ Երկու կետերից բացի, խոսք կա փախստականների վերադարձի մասին, Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի կարգավիճակի եւ լայնության մասին եւ բնականաբար այնտեղ պետք է լինի խաղաղարար գործողություն»,- նշել է Պոպովը։ Նրա խոսքով՝ խաղաղարար գործողությունը հնարավոր կլինի եզրափակիչ փուլում, այն բանից հետո, երբ համաձայնագիր կնքվի։