Ավստրիայի ՆԳՆ-ն նորից փորձում է Ադոլֆ Հիտլերի տան սեփականատիրոջը զրկել սեփականության իրավունքից։ Այս մասին հայտնում է Oberösterreichische Nachrichten-ը։

«Նախարարությունն ուսումնասիրում է գործող օրենսդրության շրջանակներում շենքի օտարման հարցը»,- ասել է նախարարության ներկայացուցիչ Կառլ Հանս Գրունդբոքը։ Նրա խոսքով՝ տան օտարումը միակ ճանապարհն է, որպեսզի թույլ չտանք այն արմատականների կողմից օգտագործելը։ Նա նաեւ ընդգծել է, որ սեփականատերը պետությունից փոխհատուցում կստանա։

Բրաունաու ամ Ինն քաղաքում գտնվող եռահարկ շենքը պատկանում է Գերլինդա Փոմերին։

Ըստ 1972-ից գործող համաձայնագրի՝ տունը, որտեղ 1889-ին ծնվել եւ 3 տարի ապրել է Ադոլֆ Հիտլերը, կարող է օգտագործվել միայն սոցիալական, կրթական եւ պետական հաստատությունների համար։