Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը չի բացառել G8 ձեւաչափի կազմ Ռուսաստանի վերադարձը, բայց միայն որոշակի նախապայմաններով:

«Չէի ցանկանա, որպեսզի G7 ձեւաչափը երկարատեւ լինի, հարկավոր է պայմաններ ստեղծել՝ G8 ձեւաչափը վերականգնելու համար: Բայց այս տարի դրա համար ահրաժեշտ պայմաններ դեռեւս չկան»,- G7-ի երկրների ԱԳ նախարարների՝ Հիրոսիմայում մեկնարկող հանդիպման նախաշեմին գերմանական DPA գործակալությանն ասել է Շթայնմայերը:

Ըստ ՏԱՍՍ-ի, Շթայնմայերը նշել է, որ Ռուսաստանը պետք է ներդրում ունենա Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական լուծման հարցում եւ կառուցողական դերակատարում՝ Սիրիայում խաղաղության հաստատման գործում: «Ակնհայտ է, որ ոչ մի լուրջ միջազգային հակամարտության առանց Ռուսաստանի մասնակցության անհնար է լուծել»,- նշել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը:

Հիրոսիմայում նախարարական հանդիպումը նախորդելու է մայիսին նախանշված G7-ի գագաթաժողովին, որը կանցկացվի ճապոնական Իսե-Սիմա ազգային արգելոցում: Ակնկալվում է, Հիրոսիմայում հանդիպման գլխավոր թեմաները կլինեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, Հարավ-Չինական ծովում իրադրությունը, միջուկային սպառազինության հարցեր: