Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան պետությունների միջեւ ծովային սահմանի սահմանազատման շուրջ համաձայնագիր են կնքել, որի համաձայն, Կահիրեի վերահսկողության ներքո գտնվող Կարմիր ծովի Տիրան եւ Սանաֆիր կղզիներն անցել են Էր Ռիադին:
Եգիպտոսի նախարարների կաբինետի հայտարարության համաձայն, այս քայլը «կողմերին թույլ կտա օգուտ քաղել բացառիկ տնտեսական գոտուց»: Խորհրդարանը պետք է վավերացնի ստորագրված փաստաթուղթը:
Ըստ «Ъ»-ի, Եգիպտոսը Սաուդյան Արաբիայի հետ մի շարք համաձայնագրեր է կնքել, այդ թվում՝ Սինայի թերակղզում ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին: Սինայի զարգացման նախագծի շրջանակում, որի համար Սաուդյան Արաբիան 1.5 մլրդ դոլար է հատկացնում, ծրագրվում է կղզում 13 արդյունաբերական համալիր կառուցել, ինչպես նաեւ Սալման թագավորի անվան համալսարան բացել:





























