Հարավային Օսիայի եւ Աբխազիայի խորհրդարանները համագործակցության մասին համաձայնագիր են կնքել: Այն ստորագրել են հարավօսական խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովն ու աբխազական խորհրդարանի ղեկավար Վալերի Բգանբան:

«Մենք վաղուց էինք ծրագրում համագործակցության մասին համաձայնագիր կնքել, որն իրավաբանորեն կամրագրեր մեր վաղեմի բարեկամական եւ գործընկերային հարաբերությունները»,- ասել է Բիբիլովը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Բգանբան տեղեկացրել է, որ հոկտեմբերին Սուխումում ծրագրվում է անցկացնել միջխորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը, որում ներառված են Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանները:

Հարավային Օսիայի խորհրդարանն ապրիլի 10-ին նշում է կազմավորման 25-ամյակը: Հանրապետություն են ժամանել պատվիրակություններ Ռուսաստանից, Աբխազիայից, Լեռնային Ղարաբաղից եւ Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետություններից: