Ավստրիան սկսել է պատի շինարարությունը, որը կոչված է սահմանափակել Իտալիայից եկող փախստականների հոսքը, հայտնում է Lenta-ն` վկայակոչելով The Independent-ին:
Ավստրիական ոստիկանների խոսքով, նրանք արդեն սկսել են բետոն լցնել միգրանտների գրանցման սրահի հիմքի, ինչպես նաեւ պատնեշների հիմքի համար: Հիմնական աշխատանքները կատարվում են Բրեններ լեռնանցքում, որով գալիս է Իտալիայից Ավստրիա փախստականների հիմնական հոսքը:
Նախատեսված է պատնեշի շինարարությունն ավարտել մայիսի վերջին: Պաշտոնյաների գնահատականներով, մոտ ժամանակներս միգրանտները կգիտակցեն, որ «բալկանյան երթուղին» Հունաստանով, Մակեդոնիայով եւ Սերբիայով վերջնականապես փակվել է եւ կսկսեն այլընտրանքային ուղիներ փնտրել:
Եվրոպական հանձնաժողովն արդեն քննադատել է Բրենների լեռնանցքում պատի կառուցումը: Սակայն պաշտոնական Վիեննան հայտնել է, որ փախստականների դեմ պատնեշի կառուցումը քաղաքական անհրաժեշտություն է:





























