Ռուսաստանի Կրասնոյարսկում երեք մարդ է մահացել վիսկիով թունավորվելուց: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Կրասնոյարսկի երկրամասի ՔՀ ներկայացուցիչ Օլգա Դեգիլը:
«Շտապ օգնության հիվանդանոցում երեկ մահացել է մի 14-ամյա աղջիկ, որին ապրիլի 11-ին հիվանդանոց էին տեղափոխել մեթիլ սպիրտով սուր թունավորման ախտանշաններով: Երկու տղամարդ էլ՝ 40 ու 44 տարեկան, մինչ այդ էին մահացել»,- ասել է նա:
Աելի վաղ հայտնել էին միայն, որ մի 40 տարեկան տղամարդ է մահացել, իսկ ութ երիտասարդ տղաներ ու աղջիկներ էլ հիվանդանոց են տեղափոխվել Jack Daniel's պիտակով կեղծ վիսկի խմելուց հետո: Հիմա հիվանդանոցում հինգ մարդ կա: Նրանց առողջական վիճակը կայուն է: Անցած տարվա նոյեմբերին այս նույն պիտակով վիսկիի գործածումից Կրասնոյարսկի երկրամասում 11 մարդ էր մահացել: Խմիչքը Կրասնոյարսկ էր մատակարարվել Մոսկվայից ու ցածր գներով վաճառվել ինտերնետի միջոցով: Մեթիլ սպիրտի պարունակությունը խմիչքում գերազանցում էր 60 տոկոսը:





























