Շվեդիայի հյուսիսային Բուդեն քաղաքում ապրիլի 15-ի առավոտյան զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել փախստականների ճամբարում: Ծեծկռտուքին մասնակցել է մոտ 60 մարդ: Երբ դեպքի վայր են ժամանել իրավապահները, իրավիճակն արդեն հանդարտվել էր:
«Մենք ծեծկռտուքի մասին ահազանգ էինք ստացել: Հաստատության անձնակազմը չէր կարողացել ինքնուրույն լուծել խնդիրը: Պարզվեց, որ կռիվը սկսվել էր երկու փախստականների միջեւ, որոնց հետո միացել էին մյուսները: Մենք ձերբակալել ենք մեկ տղամարդու, որը թմրանյութի ազդեցության տակ էր եւ իրեն ագրեսիվ էր պահում»,- նշել է ոստիկանության ներկայացուցիչ Թոմաս Շաուֆելեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:





























