Վիետնամի կենտրոնական մասում ինը դպրոցական է գետի մեջ ցատկել ու խեղդվել, հայտնում է «Ֆրանս Փրես» գործակալությունը վկայակոչելով ոստիկանություն իր աղբյուրը:
Ոստիկանությունից հայտնել են, որ աշակերտները մահացել են դժբախտ պատահարի հետեւանքով: Տեղի ոստիկանական բաժանմունքի ղեկավարի տեղակալ Վու Վան Զիոնգի խոսքով, 12 տարեկան տղաները խաղում էին Կուանգնգայ նահանգի Չա Կխյուկ գետում: Երեխաների մարմինները գտել են ապրիլի 15-ին գետի մեջ:
«Ըստ երեւույթին նրանք բոլորը միասին ու միաժամանակ են գետի մեջ ցատկել »,- հայտնել է Վու Վան Զիոնգը լրագրողներին: Նա նաեւ հավելել է, որ մի կին տեսել էր ջրի մեջ խաղացող երեխաներին ու նրանց դիտողություն էր արել, ինչին նրանք ուշադրություն չէին դարձրել:
Հայտնում են, որ գետի տարածքում վերջերս նոր դրենաժա-կոյուղային համակարգ են տեղադրել, ինչի հետեւանքով որոշ տեղերում գետի խորությունը հասել է 2 մետրի:
Վիետնամում երեխաների մահացության գլխավոր պատճառներից մեկը խեղդամահությունն է, հատկապես ամառային ամիսներին գյուղական տեղանքում: Պետական լրատվամիջոցների տեղեկություններով՝ երկրում ամեն տարի մոտավորապես 3.5 հազար երեխա է խեղդամահ լինում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























