Չեմ կարծում, որ Ռուսաստանը կամ Թուրքիան հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսմամբ։ Այդ մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը: 

«Կարծում են, որ սա Ադրբեջանի ղեկավարության որոշումն է։ Տպավորություն է ստեղծվում, որ երբ Ադրբեջանի կառավարությունը ներքին խնդիրների է դիմակայում, ելքը պատերազմը վերսկսելն է։ Սա է պատճառը, որ մենք պետք է շատ ավելի լրջորեն մոտենանք խաղաղության պահպանման գործընթացին։ Այդուհանդերձ չեմ ուզում ասել, թե Թուրքիան այս գործում դեր չուներ, հատկապես Էրդողանի հայտարարությունից հետո։ Կարծում եմ սակայն, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների հետ ուղիղ կապ չկա»,- նշել է Փալոնը։

Անդրադառնալով հակամարտության մեջ Ռուսաստանի դերին՝ Փալոնն ասել է. «Ես կուզենայի Հայաստանը տեսնել Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի կազմում, սակայն փաստը մնում է փաստ, որ Հայաստանը մեծ կախում ունի Ռուսաստանից։ Արեւմուտքը փորձում է օգնել Հայաստանին տարբեր ոլորտներում ներդրումներով, սակայն ռազմական միջամտության գնալու պատրաստ չէ։ Ռուսաստանը մյուս կողմից դիտարկվում է որպես դաշնակից, որի վրա Հայաստանը մեծապես հենվում է երկրի անվտանգության գործում։ Ռուսաստանը սակայն զենք է վաճառում նաեւ Ադրբեջանին, եւ պատրաստ չէ հանուն Հայաստանի վատացնել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Հայաստանը ստիպված է Ռուսաստանին որպես դաշնակից դիտարկել, եթե նույնիսկ Ռուսաստանը վստահելի դաշնակից չէ»,- նշել է կոնգրեսականը։

Փալոնը խոսել է նաեւ ԱՄՆ-ում ընթացող նախագահական ընտրարշավից եւ հակամարտութան կարգավորման վրա դրա ազդեցությունից: «Ես Հիլարի Քլինթոնի կողմնակից եմ։ Նա, կարծում եմ, արտաքին քաղաքականության ոլորտում ամենաիրազեկված թեկնածուն է, որը հստակ պատկերացնում է ԱՄՆ-ի կարեւոր դերը աշխարհում։ Նա մեծ ներդրում է ունեցել հայ-թուրքական հարաբերությունների գործում։ Ես համոզված եմ, որ Հիլարի Քլինթոնը ամենաիրազեկված թեկնածուն է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի խնդրում եւս»։