Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, որն այց է կատարում հունական Լեսբոս կղզի, որտեղ հազարավոր միգրանտներ են գալիս Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներից, ժամանակակից միգրացիոն ճգնաժամը կոչել է «ամենամեծ աղետը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»:
«Այս ուղեւորությունը տարբերվում է մյուսներից, այն անցնում տխրության նշանի ներքո: Այլ ուղեւորությունների ընթացքում մենք հանդիպում ենք մարդկանց, եւ դա ուրախություն է պարգեւում: Իսկ սա տխուր ուղեւորություն է: Մենք մեկնում ենք տեսնելու բազմաթիվ մարդկանց, որոնք տառապում են եւ չգիտեն` ուր մեկնեն», — լրագրողներին ասել է հոգեւոր առաջնորդը Հռոմից Լեսբոս ինքնաթիռի թռիչքի ժամանակ:
«Մենք ուղեւորվում ենք երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենամեծ աղետի հետ հանդիպման», — Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի խոսքերն են մեջբերում լրագրողները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ապրիլի 16-ի առավոտյան Հռոմի Պապը Լեսբոս է եկել, որտեղ նրան դիմավորել են Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսը եւ Աթենքի եւ համայն Էլադայի արքեպիսկոպոս Իերոնիմը:





























