Շվեդիայում լիովին անընդունելի է այլատյացության սերմանումը այլ խմբերի դեմ՝ անկախ դրանց կրոնական, էթնիկ կամ քաղաքական պատկանելությունից: Այդ մասին ասել է Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը՝ արձագանքելով Ստոկհոլմի կենտրոնական Սերգելս Տորյ հրապարակում թուրք-ադրբեջանական համայնքի ցույցի ժամանակ արտահայտված հայատյացության դրսևորումներին։

Հիշեցնենք, որ Թուրքական համադրող կենտրոնի փոխնախագահ Բարբարոս Լեյլանին հակահայկական եւ այլատյաց հայտարարություններ էր արել, որից հետո նրան հեռացրել էին կուսակցության ղեկավար կազմից, իսկ Շվեդիայի հայ համայնքը դիմել էր ոստիկանություն:

«Շվեդիայում լիովին անընդունելի է այլատյացության սերմանումը այլ խմբերի դեմ՝ անկախ դրանց կրոնական, էթնիկ կամ քաղաքական պատկանելությունից։ Մեզ մոտ քաղաքական գործունեությունն իրականացվում է ժողովրդավարական սկզբունքներով՝ իրավահավասարության և իրավունքների հանդեպ հարգանքով։ Այս սկզբունքները քննարկման ենթակա չեն»,- նշել է վարչապետը։

Հակահայկական ցույցին և Թուրքական համադրող ասոցիացիայի փոխնախագահ Բարբարոս Լեյլանիի՝ ատելություն և բռնություն քարոզող հայտարարությանն անդրադարձել է նաև Շվեդիայի մշակույթի և ժողովրդավարության հարցերով նախարար Ալիս Բահ Կունկեն. «Այն, ինչ կատարվել է շաբաթ օրը, այդ նողկալի հայտարարությունները լիովին անընդունելի են։ Դրանք շատ վատ զգացողություն են թողել ինձ մոտ»։

Նշենք, որ Լեյլանին հետո հեռուստատեսությամբ զղջման հայտարարություն էր արել, արտասվել, սակայն Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնը հայտնել էր, թե մտադրված չէ ոստիկանությունից հետ կանչել վերջինիս նկատմամբ քրեական գործ հարուցելու հայցը՝ նշելով, որ խնդիրը ավելի մեծ է, քան մեկ անձի հայտարարությունները, քանի որ թուրքական և ադրբեջանական միությունները գնալով դառնում են ավելի ագրեսիվ՝ թիրախավորելով նաեւ երկրի այլ ազգային փոքրամասնություններին։