Քրիստոնյա Լեռնային Ղարաբաղը շարունակում է անկախության համար պայքարը Բաքվի դեմ: Այդ մասին ասված է իտալական   Sky Italia-ի ռեպորտաժում:

«Սկզբում ծանր հրետանին հարվածեց, հետո  տանկերը եւ զինվորները առաջ եկան: Գնդացիրը վերալիցքավորելիս` նայում եմ, չորս կողմս բոլորը արյան մեջ են», - պատմում է հիվանդանոցում զինվորներից մեկը:

Հակամարտությունը սկսվել է այստեղ` հայկական եւ քրիստոնյա Լեռնային Ղարաբաղում, որն արդեն   25 տարի անկախության համար պայքարում է Բաքվի դեմ:  

«Նրանք սկսեցին ռմբակոծել, երբ քնած էինք: Մենք իհարկե նախ երեխաներին եւ կանանց դուրս հանեցինք: Իսկ հետո տներից հանեցինք այն ամենը, ինչ հնարավոր էր», - ասում է բնակիչներից մեկը:

«Նախ մի հրթիռ հարվածեց տանիքին, հետո եւս երկուսը, եւ ամեն ինչ ավերեցին: Հետո ինչ-որ կերպ նկուղից հանեցինք երեխաներին, նրանք բոլորը ծեփի մեջ կորած էին», - ասում է մյուսը:

«Ադրբեջանցիները տուն մտան, ամեն ինչ տարան, մնացածը ոչնչացրեցին», - ասում է եւս մեկը:

Իսկական ողբերգություն տեղի ունեցավ Խալափյանների տանը: Կարմիր Խաչը մանրամասն ուսումնասիրում է նրանց դաժան սպանությունը: 

«Մենք ադրբեջանցիների դաժանությունների ապացույցներն ունենք: Մենք այդ լուսանկարները կօգտագործենք ադրբեջանցիներին մարդկության դեմ ռազմական հանցագործությունների համար մեղադրելու նպատակով», - ասում է ռազմական լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը:

Կամավորները պատրաստ են զենք վերցնել` պաշտպանելու հայ եւ քրիստոնյա Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«Թուրքերը եւ ադրբեջանցիները նման են այն առումով, թե ինչպես են վարվում մարդկանց հետ: Մենք եկել ենք նրանց ցույց տալու, որ այստեղ ենք` մեզ պաշտպանելու», - ասում է նրանցից մեկը: