ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանը եւ Հայ Կաթողիկե եկեղեցիների ծայրագույն վարդապետ Հայր Անտոն Թութունջյանն առերեսվել են: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը:
«Առերեսումը կայացել է ցուցմունքներում նշված անձանց հանդիպման վայրի, պայմանների խոսակցությունների, հանդիպմանը մասնակցած անձանց շրջանակի կապակցությամբ»,-նշեց պաշտպանը:
Շիրխանյանն իր ցուցմունքում հայտնել է, որ «զինված խմբի» ղեկավար Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել է Հայր Անտոն Թութունջյանի միջոցով:
Ստեփան Ոսկանյանը տեղեկացրեց, որ նախաքննական մարմնի միջնորդությամբ Վահան Շիրխանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է եւս երկու ամսով:
«Առերեսումից անմիջապես հետո ներկայացրին միջնորդություն, դատարանը բավարարեց այն, կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգվեց: Մենք առարկեցինք, փաստարկներ ներկայացրինք, որ իրենց պատճառաբանությունը, թե Շիրխանյանը կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքը, որեւէ կերպ հիմնավոր չէ, հատկապես՝ նրա առողջական վիճակների պայմաններում, սակայն դատարանը հաշվի չառավ մեր առարկությունները»,-ասաց պաշտպանը՝ հավելոլով, որ առաջիկայում Շիրխանյանը պետք է ռենտգեն հետազոտություններ անցնի:
Նշենք, որ Հայ Կաթողիկե եկեղեցիների ծայրագույն վարդապետ Հայր Անտոն Թութունջյան «Մարիամ» ռադիոկայանի Գյումրու մասնաճյուղի հիմնադիրն է: Նա հունվարին ստորագրությամբ ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը ոտքի երակի լայնացում ուներ, որի հետեւանքով նրա մոտ բարդացումներ էին առաջացել:
Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:





























