Սաուդյան Արաբիան հրաժարվել է սահմանափակել նավթի արդյունահանման ծավալները, եթե մյուս նավթ արդյունահանող երկրները չհամաձայնեն ծավալների սառեցմանը, հայտնում է Bloomberg-ը:
«Եթե հիմնական արտադրողները չսառեցնեն արդյունահանման ծավալները, մենք նույնպես դա չենք անի: Եթե մենք չսահմանափակենք արդյունահանումը, մենք նավթ կվաճառենք ցանկացած հնարավորության դեպքում»,- ասել է Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը:
Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան կարող է անհապաղ մեծացնել նավթի արդյունահանման ծավալները մինչեւ օրական 11.5 մլն բարելի, իսկ կես տարվա ընթացքում այն հասցնել օրական 12.5 մլն բարելի: «Եթե գներն աճեն մինչեւ 60 կամ 70 դոլար մեկ բարելի դիմաց, դա դրական ազդեցություն կունենա արտադրության զարգացման վրա: Բայց դա մեր պատերազմը չէ, դա նրանց պատերազմն է, ովքեր լրջորեն տուժել են գնանկումից»,- ասել է Մուհամմեդ բեն Սալմանը: Եթե նավթի արդյունահանման սառեցման համաձայնությունը ձեռք բերվի, ապա Սաուդյան Արաբիան կարող է սահմանափակել հանքահանումը օրական 10.3-10.4 մլն բարելի մակարդակի վրա:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը չի մասնակցի Դոհայում կայանալիք նավթի արդյունահանման ծավալների սառեցման մասին բանակցություններին:



























