Փիթեր Բալաքյանը, որը Նյու Յորք նահանգի Համիլթոն քաղաքի Քոլգեյթ համալսարանում անգլերեն է դասավանդում, հայտնվեց պոեզիայի աշխարհի ուշադրության կենտրոնում, երբ նրա նոր հավաքածուն՝ «Օզոնային օրագիրը», Պուլիցերյան մրցանակ ստացավ: Ժյուրին նրա բանաստեղծությունները անվանեց «այն հին կորուստների ու վշտերի վկաներ, որոնք պարուրել են մեր փխրուն ու վտանգավոր դարաշրջանը», գրում է Washington Post –ը:

65-ամյա Բալաքյանը բանաստեղծությունների 7 ժողովածու է հրատարակել, բայց առավել հայտնի է Հայոց ցեղաասպանությանը նվիրված իր ստեղծաագործություններով՝ ինչպիսիք են «Տիգրիս այրվող գետը», որը 2004-ին է հրատարակվել: Նրա «Ճակատագրի սեւ շունը» մեմուարները նույնպես գովասանքի են արժանացել:

«Բանաստեղծություններն այդքան մեծ ուշադրության չեն արժանանում, որքան արձակ գրքերը»,- ասաց Բալաքյանը՝ հեռախոսով մեզ զրուցելիս Իլինոյսի համալսարանից, որտեղ նա դասախոսություն էր կարդում, երբ իմացավ, որ մրցանակ է ստացել: «Բայց ես երբեք չեմ դադարել բանաստեղծ լինել: Իմ առաջին գիրքը լույս է տեսել 1980-ին: Սկզբից եւեթ պոեզիան եղել է իմ կյանքի կենտրոնում, նույնիսկ երբ ես այլ ժանրերում էի ստեղծագործում»:

Ժողովածուն բաղկացած է 55 բանաստեղծություններից ու նկարագրում է Մանհեթենում 80-ականներին ապրող մի երիտասարդ տղայի կյանքը, նրա դժվարությունները ու հանդիպումը ՁԻԱՀ-ից մահացող զարմուհու հետ: Այդ հիշողությունները արթնանում են հերոսի հոգում 2009-ին Սիրիայում, երբ նա պեղումներ է անում՝ որոնելով հարյուր տարի առաջ զոհված իր նախնիների աճյունները:

«Ես սիրում եմ կոլաժը պոեզիայում: Սիրում եմ ընդլայնել պոեզիայի ձեւերը, նրան նոր հենակետներ հաղորդել, որոնցից այն ավելի բաց է դառնում ժամանակակից աշխարհի դժվարությունների համար»,- ասում է Բալաքյանը: