Հունիսի սկզբին Գերմանիայի Բունդեսթագում քննարկվելու է բանաձեւի նախագիծը, որը հաստատելու է, որ այն ինչ մեկ դար առաջ հայերի հետ կատարվել է Օսմանյան կայսրությունում իրականում ցեղասպանություն էր: Այս մասին ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հայտնել է Բունդեսթագի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ, Հարավային Կովկասի երկրների հետ բարեկամության խորհրդարանական խմբի անդամ Քրիսթոֆ Բերգները:
«Մենք քննարկումներ ենք արել անցած տարվա ապրիլին, երբ նշվում էր Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Հետո մենք ընդլայնել ենք քննարկումները ու անցկացրել դրանք հանձնաժողովներում, որպեսզի հանգենք որոշման, որին կհամաձայնեին խորհրդարանի գրեթե բոլոր անդամները: Ես միանգամայն վստահ եմ, որ հունիսի սկզբին մենք կունենանք բանաձեւի նախագիծ, որում մենք կամրագրենք, որ իրականում դա Ցեղասպանություն է եղել, որ մեզ պետք է մտահոգվեն այդ զոհերը, ու որ դա նախազգուշացում է բոլորիս: Այդ ամենը ես ակնկալում եմ, որ կարտացոլվի բանաձեւում»:
Հիշեցնենք, որ 2015-ի ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկումներ են եղել բանաձեւի ընդունման հարցով, որով Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի զանգվածային սպանույթունները ցեղասպանություն է ճանաչված: Քննարկումների արդյունքում որոշվել էր հետաձգել քվեարկությունը:
Բունդեսթագի պատգամավոր. Հունիսի սկզբին քննարկվելու է Ցեղասպանության ճանաչման բանաձեւի նախագիծը




























