Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին դատապարտել է հայ ընտանիքի հասցեին սպառնալիքների հետ կապված միջադեպը:

«Մենք չենք հանդուրժի հանցագործություններ, որոնք կոչված են ոչ միայն չարիք պատճառել, այլեւ վախ ներշնչել»,- հայտարարել է նա՝ հիշեցնելով, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրն է եւ անհրաժեշտ է «ընդունել հայ համայնքի դեմ նախապաշարմունքները»:

Քաղաքապետի խոսքով, ատելության արտահայտությունը, որն առկա է Չաթալյան ընտանիքին ուղղված նամակում, տեղ չունի Լոս Անջելեսում: Այս մասին գրում է Asbarez-ը: «Այս քաղաքում մենք չենք ճնշում մարդկանց, այլ միավորում ենք: Մենք պետք է միմյանց սիրով եւ հարգանքով վերաբերվենք, պետք է մերժենք մեզ բաժանելու փորձերը»,- հայտարարել է Գարսետտին:

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի բնակչուհի Հասմիկ Չաթալյանը սպառնալիքներով լի նամակ էր ստացել այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհված հայ զինվորների հիշատակին Հայաստանի դրոշ կախել տան պատշգամբից: Ավելի վաղ միջադեպը դատապարտել էր նաեւ կոնգրեսական Ադամ Շիֆը: