Ապրիլ 24-ը սոսկ օր չէ, լոկ պատմություն չէ, այլ՝ ամենօրյա տագնապ ու պայքար։ Այս մասին իր ապրիլքսանչորսյան ուղերձում նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
« Յուրաքանչյուր հայի կյանքի օրացույցում ամե՛ն օր Ապրիլ 24 պէտք է դառնա։ Յուրաքանչյուր հայի կյանքը Ապրիլ 24-ի պահանջատիրական կամքով պետք է թրծվի։ Յուրաքանչյուր հայի մտածումն ու գործը մեր ազգային պահանջատիրությունից իր մղումն ու ուղղությունը պետք է ստանա։ Ա՛յս է հայորեն ապրելու վավերական կերպը։
Արդարեւ, 100 տարիներ շարունակ մեր ժողովուրդի զավակները ա՛յս հավատքով ու հանձնառությամբ ապրեցին, իրենց կյանքը վերածելով պահանջատիրական պայքարի՝ ի խնդիր մեր բռնաբարված իրավունքների վերատիրացման։ 2015-ին համազգային մասշտաբով նշեցինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարեդարձը եւ մեր վճռականությունը վերահաստատեցինք վերանորոգ հավատքով ու տեսիլքով շարունակելու մեր պայքարը։ Հայոց ցեղասպանությունից 101 տարիներ հետո մենք դարձյալ աշխարհին դիմաց հայտարարում ենք մեր ազգի հավաքական վճռականությունը ։ Մերժում ենք որեւէ ձեւի նահանջ, սակարկություն կամ զիջում՝ ի հեճուկս մեր նահատակների իրավունքների։
Այսօր, նույն ցեղասպանը տարբեր մոտեցումներով շարունակում է իր ցեղասպանությունը հայ ժողովրդի դեմ։ Արթո՛ւն եղիր, ժողովուրդ հայոց…։
Միթե ցեղասպանություն չէ՞ 1915-ին թուրք կառավարության կողմից պետական մասշտաբով ծրագրված ու գործադրված ցեղասպանության ուրացումը՝ նույն այդ ցեղասպանությունը գործած թալեաթների, էնվերների եւ ջեմալների թոռների ու ծոռերի կողմից։
Միթե ցեղասպանություն չէ՞ ներկա Թուրքիայի ժխտողական քաղաքականության առընթեր իր հակահայ քարոզչությունը միջազգային համանքի շրջանակներից ներս՝ իր ունեցած տնտեսական ու դիվանագիտական լայն կարելիությունների օգտագործումով։
Միթե ցեղասպանություն չէ՞ Արեւմտյան Հայաստանի ու Կիլիկիո բազմահազար եկեղեցիների, վանքերի, եկեղեցապատկան ու ազգապատկան կալվածքների, մեր ժողովրդի զավակների կալվածքների, ինչպես նաեւ մեր կրոնական ու մշակութային շարժուն ու անշարժ հարստությունների բռնագրավումը թուրք պետության կողմից, տակավին առանց հիշելու ներկա ժամանակներին կատարվող այլ բռնագրավումներ։
Միթե ցեղասպանություն չէ՞ շուրջ երկու տարիներ առաջ թուրք պետության քաջալերանքով Թուրքիայից ահաբեկիչների ներխուժումը Քեսաբ եւ նրանց գործած բարբարոսային արարքները։
Միթե ցեղասպանություն չե՞ն Բաքվի ու Սումգայիթի ջարդերը նոյն թուրք ցեղին պատկանող ազերիների կողմից ծրագրված ու գործադրված։
Միթե ցեղասպանություն չէ՞ վերջերս Թուրքիայի զորակցությամբ ազերիների շղթայազերծած պատերազմը Ղարաբաղի դեմ։
Այ՛ո, նո՛յն ցեղասպան թուրքն է մեր դիմաց կանգնողը՝ տարբեր պիտակներով ու դիմակներով։ Նո՛յն ցեղասպան թուրքն է բանթուրանեան նոյն քաղաքականությունը հետապնդող՝ տարբեր մարտավարութեամբ ու ռազմավարութեամբ։ Նո՛յն ցեղասպան թուրքն է որ թրքական ցեղախումբին պատկանող այլ ժողովուրդներու մոլուցքը գրգռելով կը շարունակէ բնաջնջումի նո՛յն քաղաքականությունը հայ ժողովուրդին դէմ։ Նո՛յն ցեղասպան թուրքն է, որ տեղ մը արաբները սիրաշահելով, այլ տեղ տնտեսական թէ ռազմական իր կապերը օգտագործելով կը փորձէ իր գործադրած ցեղասպանությունը հայ ժողովուրդին դէմ մոռացութեան դատապարտել եւ Հայաստանը ներքին մաշումի ենթարկել տնտեսական ու դյուանագիտական շրջապատումով։
Մենք թույլ պետք չէ տանք որ ցեղասպանը փորձի մեր արյունով ազատագրված հողերէն ներս մուտք գործել, մեր պետականությունը տկարացնել եւ մեր պահանջատիրությունը նսեմացնել։
Արդ, անհրաժեշտ է դիմել հետեւյալ քայլերին՝
Ա) Հայոց բանակի հզորացումն անհետաձգելի եւ հրամայական անհրաժեշտություն է: Ի՞նչ պետք է պատահեր մեր ժողովրդի հետ, եթե Ղարաբաղի ճակատների վրա մեր հերոս տղաներն իրենց օրինակելի քաջությամբ, նույնիսկ իրենց արյան գնով չկռվեին թշնամու դեմ: Մենք թույլ չպետք է տանք, որ նոր ջարդ կատարվի մեր ժողովրդի դեմ:
Բ) Հայաստանի դիվանագիտական հարաբերություննեը պետք է դառնան ավելի ազդեցիկ եւ մարտունակ: Այս ուղղությամբ Ափյուռքն իր ունեցած հարուստ փորձառությամբ կարող է օժանդակել Հայաստանի արտաքին հարաբերություններին, հատկապես Հայոց ցեղասպանության հետ աղերս ունեցող աշխատանքների գծով:
Գ) Ներկա համաշխարհայնացած աշխարհում քարոզչական պատերազմը մեծապես ազդեցիկ դեր ունի տնտեսական, քաղաքական, զինվորական ազդակների կողքին: Մեր քարոզչական աշխատանքները եւս պետք է դառնան ավելի կազմակերպված եւ աշխույժ:
Հետեւաբար՝ անհրաժեշտ է մեր ողջ ներուժը, մեր ամբողջ կարողությունները եւ բոլոր կարելիություններն ի սպաս դնել այս նվիրական նպատակին: Համահայկական այս նպատակի իրագործումը պահանջում է մեր ժողովրդի ուժերի մեկտեղում, աշխատանքների ներդաշնակում եւ միասնականության ամրապնդում: Սա լոզունգ չէ, այլ գործի հրավեր. եւ այսօր, վաղն արդեն ուշ է: Հարկավոր է արթուն լինել, հարկավոր է լինել նաեւ իրապաշտ: Զգացական եւ պարագայական մոտեցումները կարող են Հայաստանն ու Ղարաբաղն ավելի վտանգավոր կացությանների դիմաց դնել եւ մեր ժողովրդին նոր տագնապների առաջնորդել:
Ղարաբաղի պաշտպանությունն ու նրա անկախության ամրացումը ճակատագրական կարեւորություն ունի Հայաստանի համար, ինչպես Հայաստանի Հանրապետության հզորացումն իր բոլոր բնագավառներով, ներքին, թե արտաքին ճակատներով առանցքային նշանակություն ունի մեր ազգային պահանջատիրական պայքարի համար: Այս պետք է դառնա մեր համահայկական քաղաքականությունը: Այս է Հայաստանի եւ Ղարաբաղի ինքնապաշտպանության եւ հզորացման ճանապարհը, այս է մեր ժողովրդի իրավունքների հատուցման ճանապարհը»





























