Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հարգել է Չերնոբիլի ԱԷԿ-ում աղետի զոհերի հիշատակը, Չերնոբիլի հերոսների հուշահամալիրին ծաղիկներ դնելու արարողությունը հեռարձակել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
Արարողությանը մասնակցել են նաեւ Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը, Գերագույն Ռադայի խոսնակ Անդրեյ Պարուբեյը, Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, ինչպես նաեւ երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Պետության ղեկավարի մամուլի ծառայությունը նաեւ հայտնել է, որ Պորոշենկոն մտադիր է այցելել Չերնոբիլի կայան:
Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձով է դիմել Չերնոբիլի ԱԷԿ-ի աղետի հետեւանքները վերացնողներին:
«Չերնոբիլը լուրջ դաս դարձավ ամբողջ մարդկության համար, իսկ դրա հետեւանքները մինչ օրս դաժանորեն անդրադառնում են եւ բնության վրա, եւ մարդկանց առողջության: Ողբերգության մասշտաբները կարող էին անչափորեն մեծ լինել, եթե չլիներ հրշեջների, զինվորականների, մասնագետների, բուժաշխատողների անօրինակ խիզախությունը եւ անձնվիրությունը, որոնք պատվով կատարեցին քաղաքացիական պարտքը: Նրանցից շատերը սեփական կյանքը զոհաբերեցին ուրիշների փրկության համար», - ասված է Չերնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացմանը մասնակցածներին ուղղված հեռագրում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում:
1986-ի ապրիլի 26-ին Կիեւի մարզում ՉԱԷԿ-ի չորրորդ էներգաբլոկում ատոմային էներգիայի համաշխարհային պատմության մեջ խոշորագույն վթարն էր տեղի ունեցել: Պայթել էր էներգաբլոկի միջուկային ռեակտորը: Շրջակա միջավայր էր արտանետվել ռադիոակտիվ նյութերի մեծ քանակություն: Ճառագայթումից ամենից շատ տուժել էր Բելառուսը, Ուկրաինայի հյուսիսային հատվածը եւ Ռուսաստանի արեւմուտքը:
Ուկրաինայում ճառագայթային աղտոտման ընդհանուր մակերեսը աղետի հետեւանքով 50 հազար քկմ էր կազմել 12 մարզում: Ռադիոակտիվ աղտոտումից տուժել էր նաեւ Բելառուսի տարածքի 46,5 հազար քկմ (ընդհանուր մակերեսի 23 տոկոսը): Մինչեւ 1986-ի վերջը 188 բնակելի վայրից մոտ 116 հազար մարդ էր տեղափոխվել: Վթարից հետո առաջին երեք ամսվա ընթացքում 31 մարդ էր զոհվել, ավելի քան 100 մարդ ճառագայթային հիվանդությամբ էր հիվանդացել:





























