Վենեսուելայի կառավարությունը երկու մլն պետական աշխատակիցների համար 2 օրով կրճատել է աշխատանքային շաբաթը։ Տեղի քաղաքական գործիչները նշում են, որ դա ժամանակավոր որոշում է, որը թելադրված է ձգձգվող էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու անհրաժեշտությամբ։

Վենեսուելայի փոխնախագահ Արիստոբուլո Իստուրիսը պարզաբանել էր, որ աշխատանքային օր են մնում երկուշաբթին եւ երեքշաբթին։ Ուսումնական հաստատությունները շարունակելու են աշխատել շաբաթական 4 օր, գրում է Lenta-ն։

Ապրիլի սկզբին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հատուկ հրամանով աշխատանքային հնգօրյա շաբաթը դարձրել էր քառօրյա։ Դա երաշտի դեմ պայքարին ուղղված 60-օրյա պլանի միջոցներից մեկն է։ Պլանը նախատեսված է մինչեւ հունիսի 6-ը։