Նավթի ինդուստրիայի համար նոր մոգական թիվը բարելի դիմաց 50 դոլարն է, գրում է Bloomberg –ը՝ վկայակոչելով նավթի շուկայի մասնակիցներին:
BP ընկերությունը, Nabors Industries հորատման սարքերի ու Pioneer Natural Resources կորպորացիայի սեփակնատերերը հայտնել են, որ բարելի դիմաց 50 դոլարով նավթը բավական է հորատումը ակտիվացնելու կամ կայուն գումարային հոսքը վերականգնելու համար: Գործակալությունը նշում է, որ նավթի համար բարելի դիմաց միջինը 53 դոլարի դեպքում 50 խոշորագույն նավթային ընկերությունները այլեւս գումարային կորուստներ չեն ունենա:
«Խոսքն այն մասին չէ, որ նավթի գինը աճի մինչեւ 50 դոլար: Գինը պետք է գերազանցի այս նիշը ու ամրապնդվի 50 դոլար եւ ավելի մակարդակում»,- նշել է Wood Mackenzie–ի կորպորատիվ վերլուծության գծով փոխնախագահ Ֆրեյզեր Մաքքեյը:
Հիշեցնենք, որ Դոհայում նավթի արդյունահանման ծավալների սառեցման շուրջ հանդիպումն ավարտվել է առանց համաձայնագրի ստորագրման: Թեհրանը, որի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները տարեսկզբին հանվել էին, հրաժարվել էր մասնակցել Դոհայի հանդիպմանը եւ հայտարարել, որ պատրաստվում է նավթի արդյունահանման ծավալները հասցնել մինչեւ պատժամիջոցները գոյություն ունեցող մակարդակին:




























