Ուկրաինայի կառավարությունը ապրիլի 27-ին որոշում է կայացրել  մայիսի 1-ից բնակչության համար գազի միասնական գին սահմանել` հրաժարվելով այսպես կոչված սոցիալական գնից: 

Մայիսի 1-ից կգործի միասնական սակագինը` հազար խմ-ի դիմաց` 6 878 գրիվնա (275 դոլար): Վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի խոսքով, նման գինը  «թափանցիկ է եւ հասկանալի յուրաքանչյուր ուկրաինացու համար» եւ համապատասխանում է ԱՄՀ-ի պահանջներին:

Ավելի վաղ` ջեռուցման սեզոնի ընթացքում բնակչության մի մասը հնարավորություն ուներ ամիսը մինչեւ 200 խմ գազ սպառելու դեպքում հազար խմ-ի  դիմաց 3 600  գրիվնա   (144 դոլար) գին վճարել: Ավելի մեծ ծավալի սպառման դեպքում նրանց համար գազի գինն այնպիսին էր դառնում, ինչպես բոլորի համար` հազար խմ-ի դիմաց   7 200 գրիվնա (288 դոլար):

«Ուզում եմ դիմել Ուկրաինայի բնակիչներին եւ ըմբռնում խնդրել», - նշել է վարչապետը` հավաստիացնելով, որ «դա գազի գնի վերջին փոփոխությունը կլինի մեր պետության կյանքում»:

«ՌԻԱ Նովոստի-Ուկրաինան» հաղորդում է, որ Գրոյսմանը հայտնել է նաեւ, որ կառավարությունը մտադիր է երկիրն ազատել  գազ ներմուծելու անհրաժեշտությունից:  

«Մենք տասնամյակներով կախված ենք եղել ռուսաստանյան գազից… Մեր կառավարության խնդիրն է` ամեն ինչ անել, որպեսզի էներգետիկ առումով անկախ լինենք», — հայտնել է նա: