Հայաստանը երբեք չի համաձայնի այն որոշմանը, որը հավանության չի արժանանա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի կողմից։ Այս մասին օգոստոսի 28-ին Լեռնային Ղարաբաղում լրագրողներին է հայտարարել եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

«ԼՂՀ-ի ու Հայաստանի խորհրդարանները պետք է ճիշտ ու համաձայնեցված աշխատեն մեր ազգային բարձրագույն նպատակի՝ այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման, իրականացման ուղղությամբ»,- հայտարարել է Զոհրաբյանը։

Ըստ Զոհրաբյանի, Հայաստանը պետք է կարողանա միջազգային հանրությանը հստակ ու մատչելի կերպով բացատրել, որ «իր տարածքում ինքնորոշված այս երկրի չճանաչված լինելը դեռևս չի նշանակում, որ այնտեղ ապրող մարդկանց իրավունքները պետք է մնան առանց ուշադրության ու հոգածության»։

Ինչպես նշել է նա, ամենօրյա համաձայնեցված աշխատանքի դեպքում Հայաստանը կարող է լրջորեն փոխել միջազգային կառույցներում տիրող մթնոլորտը՝ ի օգուտ ԼՂՀ ճանաչման։

Ստեփանակերտում Նաիրա Զոհրաբյանն ու խորհրդարանական մշտական հանձնաժողովի անդամ Վաչագան Խուրշուդյանը հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի ու խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ։

«Մենք խոսել ենք այն կարևորագույն խնդիրների մասին, որոնք նախատեսվում է լուծել միջազգային ատյաններում, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձայնը լսելի ու հասկանալի լինի միջազգային հանրությանը»,- նշել է Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ԼՂՀ նախագահի հետ ունեցած հանդիպումը։