Երեւան-Սեւան մայրուղով երթեւեկելը նոր խնդիրների առջեւ է կանգնեցրել վարորդներին, քանի որ Սեւանա լճի մակարդակի բարձրացման պատճառով ջրածածկվել է ճանապարհը։ Այդ հատվածում մոտ 2 կմ ճանապարհ վարորդները հատում են Լճաշեն գյուղի միջով, որտեղ էլ խցանումներ ու այլ անհարմարություններ են առաջանում, քանի որ ճանապարհը նեղ է եւ քարքարոտ։
Օգոստոսի սկզբից Կապի եւ տրանսպորտի նախարարությունը աշխատանքներ է իրականացնում, որպեսզի 2 կմ երկարությամբ մոտ 3 մետրով բարձրացվի լճի առափնյա այդ հատվածը։ Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ճանապարհաշինական աշխատանքները, որի համար տրամադրվել է 961 միլիոն դրամ, նախատեսված է ավարտել 2010 թվականին։ Նրա փոխանցմամբ, ճանապարհաշինությունը անցել է նաեւ քաղաքաշինական եւ էկոլոգիական փորձաքննություն, այնինչ Էկոլոգիական փորձաքննություն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հենրիկ Գրիգորյանը մեզ հայտնեց, որ նման փորձաքննություն չի եղել։ Վերջինս ասաց, որ «Ճաննախագիծը», թեեւ իրենց պատվիրել է իրականացնել փորձաքննություն, սակայն դեռ եզրակացությունը չստացած՝ սկսել են իրականացնել ճանապարհաշինական աշխատանքները։
Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է սկսել աշխատանքները՝ առանց եզրակացության, Հ. Գրիգորյանը պատասխանեց, որ իրենք վերահսկողական ֆունկցիա չեն իրականացնում, դա բնապահպանության տեսչության գործն է։ Այսինքն ստացվում է, որ փորձաքննությունը ձեւական բնույթ է կրում պատվիրողի կամ այդ աշխատանքերը իրականացնող գերատեսչության համար:
Մեր մեկ այլ հարցին, թե ի՞նչ տեղի կունենա, եթե հանկարծ եզրակացությունն ու աշխատանքները չհամապատասխանեն, Հ. Գրիգորյանն արձագանքեց. «Եթե մեր կողմից տրվի բնապահպանական բացասական փորձաքննական եզրակացություն, բնականաբար, նրանց բոլոր աշխատանքները լցվում են Սեւանա լիճ»: Ինչ վերաբերվում է 3 մ-ով ճանապարհը բարձրացնելուն, ապա Գրիգորյանի խոսքով. «Հնարավոր է 3-4 մետր բարձրացնել, բայց խնդիրն այն է, թե դա ինչերի կհանգեցնի: Առանձնապես սարսափելի չէ, բայց պետք է վթարային իրավիճակ չստեղծվի»:




























