Հանրապետության կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ընտրվելու դեպքում, կհետեւի իր նախընտրական ծրագրին եւ կբարձրացնի հարկերը բնակչության առավել ապահով խավի համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NBC-ն:

Նա նաեւ հավելել է, որ դա զգալիորեն կթեթեւացնի, այսպես կոչված, միջին դասի ներկայացուցիչների հարկային բեռը: Թրամփը, սակայն, չի բացառել, որ ԱՄՆ Կոնգրեսում քննարկումների ժամանակ իր ծրագիրը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել:

Միլիարդատերը նաեւ ընդգծել է, որ հանդես է գալիս ԱՄՆ-ում նվազագույն աշխատավարձի բարձրացման օգտին. դաշնային մակարդակով այն հիմա 7.25 դոլար է: «Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ապրել այդ գումարով»,- հայտարարել է Թրամփը:

Forbes ամսագրի տվյալներով, Դոնալդ Թրամփի կարողությունը ներկայում ավելի քան 4 մլրդ դոլար է գնահատվում: Թրամփը, սակայն, հայտարարել է, որ իր կապիտալն ավելի քան 10 մլրդ դոլար է: