Մայիսի 9-ին հրապարակված «Պանամական փաստաթղթերի» նոր տվյալների համաձայն՝ ուկրաինացի օլիգարխ Ռինաթ Ահմեդովի ավագ եղբայրը՝ Իգոր Ահմեդովը, եւ Ռեգիոնների կուսակցության նախկին պատգամավոր Բորիս Կոլեսնիկովը 2014-ին օֆշորում գրանցել են «Կոնտի» հրուշակեղենի ընկերությունը, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

Ընկերությունը գրանցված է Վիրգինյան կղզիներում։ Ընկերության շահառուների ցանկում կա եւ 7 մարդ, որոնց թվում՝ նախկին պատգամավոր Միխայիլ Լյաշկոյի կինը եւ որդին։

Համաձայն «Պանամական փաստաթղթերի»՝ Ուկրաինայի եկամուտների նախկին նախարար Ալեքսանդր Կլիմենկոն Վիրգինյան կղզիներում 1995-ին գրանցված PROVECO SERVICES LIMITED ընկերության սեփականատերն է։

Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի որդու՝ Ալեքսեյ Ազարովի անունով օֆշորում 26 ընկերություն է գրանցված։ Հատկանշական է, որ բոլոր այդ ընկերությունները գրանցվել են նույն օրը՝ 2012թ. սեպտեմբերի 28-ին, երբ Նիկոլայ Ազարովը դեռ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Բորիս Լոժկինը 2006-ից օֆշորային ընկերության սեփականատեր է։