Արգենտինացի ձեռներեցները առաջիկա 90 օրվա ընթացքում աշխատանքից չեն ազատի իրենց աշխատակիցներին։ Այս մասին հայտնել է երկրի նախագահ Մաուրիսիո Մակրին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք՝ որպես ձեռներեցներ, պատասխանատու ենք աշխատատեղեր եւ արտադրություն ստեղծելու համար եւ ուզում ենք հաստիքը առնվազն 90 օր չկրճատելու պատասխանատվություն ստանձնել»,- ասված է նախագահի եւ ձեռներեցների հանդիպման ավարտին ստորագրված փաստաթղթում։
Նախագահը չի պարզաբանել, թե կոնկրետ որ գործատուներն են միացել համաձայնագրին, սակայն վստահություն է հայտնել, որ մոտ օրերս նրանց թիվը էապես կմեծանա։
Այս համաձայնագիրը պատասխանն էր ընդդիմության առաջարկած օրինագծին, որն 180 օրով արգելում էր աշխատանքից ազատել աշխատակիցներին։ Ապրիլին այն ընդունվել էր Արգենտինայի խորհրդարանի վերին պալատում, եւ այս պահին դրված է պատգամավորների քննարկմանը։




























