Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանը երկու տարբեր դատական հայցերով դիմել է դատարան ընդդեմ ընդիմադիր «Ազգայանական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի դեմ, ով Էրդողանին քննադատում է քրդական հարցի կարգավորման նախաձեռնության համար։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hurriyet» թերթը։

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փաստաբանները ուսումնասիրել են «Ազգայնական շարժում» (MHP, Գորշ գայլերի քաղաքական թեւ) կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանի դեմ արված չափազանց խիստ հայտարարությունները։ Արդյունքում որոշում է կայացվել երկու տարբեր հայցեր ներկայացնել դատարան Դեւլեթ Բահչելիի դեմ։ Հայցերից մեկը կազմված է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անունից, մյուսը՝վարչապետ Ռեջեփ Թայեփ Էրդողանի անունից։

NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայի վարչապետ, «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայեփ Էրդողանը հայտարարել է քրդական հարցի կարգավորման մասին։ Այդ նախաձեռնությանը շատ խիստ կերպով դեմ է հանդես գալիս «Ազգայնական շարժում» (MHP, Գորշ գայլերի քաղաքական թեւ) կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին, ով մեղադրում է Էրդողանին քրդական հարցի կարգավորումով երկիրը բաժանելու մեջ։