Բրազիլական խորհրդարանի ստորին պալատի գործող խոսնակ Վալդիր Մարանյանը չեղյալ է հայտարարել երկրի նախագահ Դիլմա Ռոուսեֆֆի իմպիչմենտի գործընթացը լուծարելու իր որոշումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Ֆրանս Պրեսս գործակալությանը: 

Նա դա արել է այն բանից հետո, երբ Բրազիլիայի Դաշնային սենատի  (խորհրդարանի վերին պալատի) նախագահ Ռենան Կալեյրոսը պահանջել է շարունակել իմպիչմենտի գործընթացը   պետության ղեկավարի նկատմամբ: Ավելի վաղ Մարանյանը, որն իր պարտականությունները ստանձնել է անցած շաբաթ, լուծարել էր Ռոուսեֆֆի հրաժարականի գործընթացը ընթացակարգային հարցերի խախտման պատճառով:  

Ռոուսեֆֆին պաշտոնից 180 օրով ժամանակավոր հեռացման համար անհրաժեշտ է հավաքել սենատորների ձայների ավելի քան կեսը, ոչ պակաս, քան   41 ձայն: Այդ դեպքում նրա պարտականությունները ժամանակավորապես կփոխանցվեն փոխնախագահ Միշել Տեմերին, իսկ սենատը հարցը դարձյալ կքննարկի հատուկ նիստին գերագույն դատարանի նախագահի նախագահությամբ: Այդ դեպքում Ռոուսեֆֆի ճակատագիրը վերջնականապես կորոշվի. եթե խորհրդարանականների  երկու երրորդը  (54 մարդ) քվեարկի իմպիչմենտի օգտին, պետության ղեկավարը կհեռանա պաշտոնից:   

Բրազիլիայի ընդդիմությունը փորձում է հասնել նախագահի հրաժարականին, կոնգրեսից պահանջելով պաշտոնանկ անել Ռոուսեֆֆին եւ նրա դեմ հետաքննություն սկսել հարկային խախտումներին եւ պետական միջոցները իր վերընտրման համար օգտագործելու կասկածով: