Չնայած թուրքական կառավարության հարստությանն ու Վաշինգտոնի գլոբալ քաղաքականության վրա ազդեցությանը, Միացյալ Նահանգների լրագրությունը հավատարիմ է մնում Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այս մասին The San Francisco Examiner-ում հրապարակված հոդվածում գրում են Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներ Ալեքս Բաստիյանն ու Արա Ճապաղջուրյանը:

Պատկերացրեք հրեաների Հոլոքոստը ժխտող ազդեցիկ հրապարակումներ կամ այնպիսիք, որոնք պնդում են, որ աֆրիկյան ստրկավաճառությունը պարզապես պատմական թյուրիմացություն է: «Լրագրության էթիկական ստանդարտներին հետեւող խմբագրություններն ու լրագրողները երբեք նման բան թույլ չէին տա: Սակայն ապրիլի 20-24-ը խաբուսիկ գովազդային արշավը հենց այդպիսի նախաձեռնություն ցուցաբերեց: Թուրքական լոբբին, որը շարունակում է 1915-1923 թվականներին 1.5 հայերի ցեղասպանության ժխտման արշավը, ճեղք մտցրեց մեր երկրի զանգվածային լրատվամիջոցների մեջ»,- նշում են հեղինակները՝ հավելելով, որ ոչ մի խմբագիր չի կարող ներկայացնել իրական պատմությունը՝ ժխտելով Հայոց ցեղասպանությունը:

Հեղինակները հիշեցնում են, որ ամբողջ աշխարհի պատմաբաններն ու գիտական շրջանակները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այդ թվում՝ շատերը հենց Թուրքիայում:

«Հայոց ցեղասպանությունը ժխտում են միայն որոշ պատմաբաններ, որոնք թուրքական գործող կառավարության հետ սերտ կապեր ունեն, այդ թվում՝ ֆինանսական: Ամեն դեպքում, չնայած թուրքական կառավարության հարստությանն ու մեր երկրի գլոբալ քաղաքականության վրա ազդեցությանը, Միացյալ Նահանգների լրագրությունը հավատարիմ է մնում Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,- ամփոփում են Ալեքս Բաստիյանն ու Արա Ճապաղջուրյանը: