Այս տարվա հունվարին ձերբակալված Արտյոմ Գասպարյանը չի ուզում լքել բանտախուցը, այս մասին հայտնում է West Hollywood Ville պարբերականը:

Հիշեցնենք, որ 32-ամյա Գասպարյանին Հարավային Քարոլինայի ոստիկանությունը կալանավորել էր այս տարվա հունվարի սկզբին Պանորամա Սիթիում, Լոս Անջելեսում, Բերբանկայում, Արեւմտյան Հոլիվուդում ու Կարսոնում քրեական բնույթի մի շարք հանցագործությունների կասկածանքով:

Արտյոմ Գասպարյանը մայիսի 9-ին պետք է ներկայանար դատական նիստին: Սակայն բանտարկյալը հրաժարվել է դուրս գալ բանտախցից՝ դատավարությանը մասնակցելու համար:

«Նա չիկարողանում քայլել, ուսի, ձեռքի ու ոտք մասում ցավեր ունի ստացված վնասվածքների պատճառով»,- ասել է դատավորին կասկածյալի դատապաշտպան Սերխիո Թապիան:

Մինչ այդ Գասպարյանը մի քանի անգամ բաց էր թողել դատական նիստը՝ պատճառաբանելով, որ ուժեղ ցավեր ունի, որոնք սկսվել են նրա մոտ ոստիկանության հետապնդումից հետո: Սան Վելլիում Գասպարյանին ձերբակալելու ժամանակ ոստիկանները վիրավորել էին նրան:

Դատական իշխանությունները նշում են, որ եթե կասկածյալը չներկայանա դատարանի դահլիճ նաեւ մայիսի 10-ին, իրավապահները ստիպված կլինեն ուժ կիրառել նրան բանտախցից հանելու համար:

Հիշեցնենք, որ Գասպարյանին սպառնում է մահապատիժ: Ոստիկանությունը Գասպարյանին նկարագրում է որպես «շատ վտանգավոր հանցագործ»: Նրան մեղադրում են սպանության փորձի, զինված հարձակումների, կողոպուտների, սպանության ու այլ հանցագործությունների համար, որոնք նա կատարել է 2015-ի դեկտեմբերի 6-ից մինչեւ 2016-ի հունվարի 4-ը ժամանակահատվածը: