Քվեբեկից տասնհինգամյա դպրոցական Ուիլյամ Գադուրին Յուկատանի ջունգլիներում կորսված մայաների քաղաք է հայտնաբերել: Նրան հաջողվել է դա անել Կանադական տիեզերական գործակալության (CSA) քարտեզագրական ծառայության միջոցով` արբանյակային լուսանկարներով, գրում է  Lenta-ն` վկայակոչելով The Independent-ին:

Գադուրին կարողացել է հայտնաբերել քաղաքը` մայաների քարտեզը համադրելով խոշորագույն բնակավայրերի քարտեզի հետ: Պարզվել է, որ քաղաքների մեծամասնությունը` (մոտ 120) համապատասխանում են հնդկական  22 հայտնի համաստեղության: Բացի այդ, դպրոցականը հայտնաբերել է երկնոլորտի նոր հատված, որն առաջացել էր երեք աստղերից, որոնցից երկուսը քաղաքների էին համապատասխանում: 

Գադուրին որոշել է, որ երրորդ աստղը եւս համապատասխանում է մայաների բնակավայրի, այդ պատճառով   CSA-ին է դիմել տեղանքի արբանյակային լուսանկարներ տրամադրելու խնդրանքով: Արդյունքում արբանյակային լուսանկարների վրա դպրոցականը անտրոպոգեն բնույթի ռելիեֆի տարրեր է հայտնաբերել, որոնք հնագույն քաղաքի մնացորդներ են հիշեցրել: Կանադացին իր հայտնաբերած բնակավայրը կոչել է K'aak Chi, ինչը թարգմանաբար նշանակում է «Հրե բերան»:

Նշվում է, թե իբր հայտնաբերված քաղաքն իր չափերով չորրորդն է մայաների հայտնի բնակավայրերի մեջ  եւ ավելի քան 100 քկմ մակերես է զբաղեցնում: Մասնավորապես, ներսում բուրգ կա  86 մ բարձրությամբ, ինչպես նաեւ մի շարք այլ կառույցներ: 

Դպրոցականի գյուտի ճշմարտացիությունը ստուգելն առայժմ հնարավոր չէ. մայաների քաղաքը գտնվում է Յուկատանի ջունգլիի գործնականում անանցանելի հատվածում: