Ամերիկացի Բրյուս Մագիստրոն 2012-ից ի վեր երկրորդ անգամ 1 մլն դոլար է շահել, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Sky News-ին:
Չորս տարի առաջ ԱՄՆ-ի բնակիչը շահել էր վայրկենական վիճակախաղում: Փողի մեծ մասը Մագիստրոն ծախսել էր կնոջ բուժական ծախսերի համար: 2014-ին ամերիկացու կինը քաղցկեղից մահացել է:
Այս շաբաթ Մագիստրոն 20 դոլարով վայրկենական վիճակախաղի տասը տոմս է գնել: Դրանցից մեկը 1 մլն դոլարի շահում է բերել:
ԱՄՆ-ի բնակչի խոսքով, նա նախատեսել է փողից բաժին հանել երեք երեխային եւ նույնիսկ հարսին: Մագիստրոն տեղի ունեցածն աներեւակայելի է կոչել, նա չի կարողանում հավատալ, որ հաջողությունը երկրորդ անգամ ժպտացել է իրեն:
Ամերիկացու որդիներից մեկը կարծում է, որ հանգուցյալ մայրն այս եղանակով «շնորհակալություն է հայտնել» հորը:




























