Բելառուսն ու Ղազախստանը պահանջում են չեղարկել Եվրասիական տնտեսական միության շրջանակում սահմանված մի շարք նորմեր, որոնք պետք է ուժի մեջ մտնեն առաջիկայում, պատճառաբանելով, որ դրանք ամբողջությամբ մշակված չեն: Ըստ «Ռոսիյսկայա գազետա»-ի, խոսքը ԵՏՄ շրջանակում մաքսակետում ապրանքի արժեքի սահմանման ժամանակ բիզնեսի համար առեւտրային նախապատվությունների մասին է:

Պարբերականը նշում է, որ բիզնեսի ներկայացուցիչները մասամբ հարկադրված են սահմանը հատելիս չափազանց մեծ եւ չվերադարձվող գումարներ վճարել, ինչի արդյունքում վերջնական գնորդի համար ապրանքի գինն աճում է:

ԵՏՄ նոր կանոնները պետք է լուծեին այդ խնդիրները: Միության անդամները պայմանավորվել են, որ նույնիսկ հավաստող փաստաթղթերի բացակայության պայմաններում մաքսային վճարումները հնարավոր կլինի կատարել՝ ելնելով ներկրվող ապրանքների իրական արժեքից:

Սակայն այս նորամուծություններից հրաժարվել են ԵՏՄ միանգամից երկու անդամներ՝ Բելառուսն ու Ղազախստանը: Նրանք նշում են, որ նոր կանոններում չափազանց շատ վիճելի հարցեր կան, եւ պահանջում են վերանայել դրանք ու շտկումներ մտցնել:

Հնարավոր շտկումները, հավանաբար, կքննարկվեն մայիսի 16-ին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում: