Ինտերնետի օգտատերերը քննադատել են Joey ռեստորանների ցանցի վերաբերմունքը կանանց դրես կոդի նկատմամբ, որը ենթադրում է բարձրակրունկների առկայություն, գրում է Informing-ը` վկայակոչելով The Daily Mail-ին:
Facebook սոցցանցի օգտատերերի բուռն քննարկումներ են առաջ բերել Նիկոլա Հեվինսի հրապարակումները, նա իր էջում տեղադրել է ծանոթուհու արյունոտված ոտքերի լուսանկարը, որը մատուցողուհի է աշխատում հասարակական սննդի հաստատությունում: Աղջիկը արյունոտ կոշտուկները բարձրակրունկ կոշիկներով տրորել է Joey ցանցի ռեստորանում աշխատելու ընթացքում, որը գտնվում է կանադական Ալբերտայի նահանգում:
Նիկոլայի խոսքով, ընկերուհին հաստատության մենեջերին խնդրել է հաջորդ օրը աշխատանքի դուրս գալ ավելի հարմարավետ կոշիկով, բայց մերժում է ստացել, որովհետեւ ընկերությունը հանդես է գալիս դրես կոդի պահպանման օգտին, որը ենթադրում է բարձրակրունկների կրում:
Հեվինսն իր գրառման մեջ պատմել է, որ ռեստորանի բոլոր աշխատակիցները չէ, որ պարտավոր են պահպանել դրես կոդը: Տղամարդիկ Joey աշխատանքի են գնում իրենց զգեստապահարանից սեւ հագուստով, մինչդեռ բոլոր կանանց ստիպում են համազգեստ գնել, որը 30 դոլար արժե, հետն էլ ստիպում են 12-ժամյա հերթափոխի ընթացքում բարձրակրունկներ հագնել: Եվ դա այն դեպքում, երբ նման կոշիկներ հագնելը վնասակար է թույլ սեռի ներկայացուցիչների համար:
Կանադուհին հանրային սննդի քաղաքականությունն անարդարացի է համարում եւ անձնակազմի տարբեր սեռերի ներկայացուցիչների հանդեպ ոչ միանման վերաբերմունքի պատճառով ընկերությանը սեքսիզմի համար է մեղադրել:
Գրառումը սոցցանցում մեծ ռեզոնանս է առաջացրել եւ արդեն համարյա 12 հազար վերահրապարակում է հավաքել եւ մոտ 800 մեկնաբանություն: Սոցցանցի օգտատերերն աջակցել են Նիկոլային` իրենց վրդովմունքն արտահայտելով Joey ցանցի քաղաքականության նկատմամբ: Նրանք առաջարկում են բոյկոտել ռեստորանների ցանցը:




























