Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) պահպանել է 2016-ին նավթի համաշխարհային պահանջարկի  կանխատեսումը, ակնկալվում է, որ պահանջարկը կաճի օրական 1,2 մլն բարելով մինչեւ օրական 94,18 մլն բարել, հետեւում է կազմակերպության մայիսյան զեկույցից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

2015-ին, կազմակերպության տվյալներով, աշխարհում նավթի պահանջարկն աճել է օրական  1,54 մլն բարելով, մինչեւ 92,98 մլն բարել: Մասնավորապես,  2015-ին Չինաստանում նավթի պահանջարկն աճել է օրական 0,37 մլն բարելով, 2016-ին ակնկալվում է օրական 0,28 մլն բարելի աճ:

Կազմակերպության անդամ չհանդիսացող երկրներից նավթի մատակարարումները, ՕՊԵԿ-ի վերլուծաբանների տվյակներով, 2015-ին կազմել են օրական 57,14 մլն բարել: 2016-ին, ինչպես ակնկալում են փորձագետները, ՕՊԵԿ-ի երկրներում արդյունահանումը կկրճատվի  օրական  0,74 մլն բարելով (ցուցանիշն օրական 10 հազար բարելով վերանայվել է դեպի նվազում) մինչեւ օրական 56,4  մլն բարել:

«ԱՄՆ-ից բացի, կրճատում (2016-ին արդյունահանման, խմբ.) է ակնկալվում Չինաստանում, Մեքսիկայում, Մեծ Բրիտանիայում, Ղազախստանում եւ Կոլումբիայում: Միաժամանակ աճ է ակնկալվում Կանադայում, Բրազիլիայում, Ռուսաստանում եւ Մալայզիայում», — նշվում է զեկույցում:

Նախնական տվյալների համաձայն, աշխարհում նավթի արդյունահանման ընդհանուր ծավալը մարտի համեմատ աճել է օրական 0,02 մլն բարելով, մինչեւ 95,34 մլն բարել: Միաժամանակ ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրներից մատակարարումներն աճել են   օրական  0,17 մլն բարելով, ՕՊԵԿ-ում արդյունահանումն ավելացել է օրական 0,19 մլն բարելով: