Վերջին երկու տարում առեղծվածային հիվանդության պատճառով ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան ափին ծովաստղերի պոպուլյացիան նվազել է: Սակայն երիտասարդ ծովաստղերի քանակի վերջերս նկատված աճը հույս է ներշնչում, որ պոպուլյացիայի քանակը կարող է վերականգնվել, հայտնում է Discovery պորտալը:

Հետազոտողների խոսքով, չնայած այս հուսադրող նորություններին, հիվանդության հաղթահարման մասին դեռ վաղ է խոսել: Մանավանդ մտահոգիչ է հիվանդության տարածումը Pisaster ochraceus տեսակի ծովաստղի վրա, քանի որ այդ տեսակը հսկայական դեր է կատարում ծովային էկոհամակարգում:

Երիտասարդ ծովաստղերի քանակի ավելացումը պայմանավորված չէ ծնելիության կամ միգրացիայի աճով: Դրա պատճառն այն է, որ երիտասարդ ծովաստղերի շրջանում մահացությունը անսովոր ցածր է: «Հարցն այն է ՝ արդյոք նրանք կկարողանան պահպանել այդ կենսունակությունը նաեւ հասուն տարիքոմ ու վերականգնել պոպուլյացիան ՝ խուսափելով հիվանդությունից»,- պարզաբանում է Բրյուս Մենժը, Օրեգոն նահանգի համալսարանի ծովային կենսաբանության պրոֆեսորը: Հնարավոր է, որ երիտասարդ ծովստղերի կենսունակությունը պայմանավորված է նրանով որ մեծահասակ ծովաստղերի հսկայական քանակության ոչնչացումից հետո նրանց ավելի շատ սնունդ է բաժին հասնում:

Այդ համաճարակը տարածվել էր Ալյասկայից մինչեւ Մեքսիկա: Գիտնականները փորձում են հասկանալ հիվանդության պատճառը: Վարկածներից մեկը ջրի ջերմաստիճանի բարձրացումն է, սակայն վերջին հետազոտությունը կապ չի բացահայտել ջրի տաքացման ու հիվանդության միջեւ: Մեկ այլ վարկած ենթադրում է, որ հիվանդությունը վարակիչ բնույթ ունի: Եվս մեկ ենթադրություն էլ համաճարակը կապակցում է օվկիանոսի ջրի թթվայնության բարձրացման հետ, ինչը ջերմոցային էֆեկտի ու մարդու գործունեության հետեւանքն է: