Դերասան Քիթ Հարինգթոնը, որը «Գահերի խաղ» սերիալում կերտել էր Ջոն Սնոուի դերը, խուսափել է արագությունը գերազանցելու համար տուգանքից՝ ոստիկանին պատմելով, թե ինչ է սպասում իր հերոսին սերիալի 6-րդ եթերաշրջանում, հայտնում է NME-ն։

Դերասանի խոսքով՝ դա տեղի էր ունեցել նախքան մայիսին նոր սերիաների ցուցադրումը։ Նրան կանգնեցրած ոստիկանն ասել էր, որ ինքը խնդիրը լուծելու երկու միջոց ունի. կամ գնալ ոստիկանական տեղամաս կամ պատմել, թե ողջ է մնալու դերասանը սերիալի հաջորդ եթերաշրջանում։ «Այնպես որ ես ասացի, որ ես ողջ եմ մնալու»,- ասել է Հարինգթոնը։

Սնոուի ճակատագիրը սերիալի երկրպագուների համար գլխավոր ինտրիգն էր։ 5-րդ եթերաշրջանի 10-րդ սերիայում հերոսը զոհվում է։ Դրանից հետո Հարինգթոնը հայտարարել էր, որ իր հերոսի մահը վերջնական է, սակայն 2015-ի ամռանը դերասանի նկատել էին Բելֆաստի նկարահանման հրապարակում։ 6-րդ եթերաշրջանի առաջին սերիան ցուցադրելուց հետո երկրպագուները սերիալի հեղինակներին քննադատել էին Սնոուին չվերակենդանացնելու համար։ Հերոսին կյանքի էին վերադարձրել 2-րդ սերիայի վերջում։